ՀՀ ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստան-Թուրքիա սահմանային անցակետը Հայոց ցեղասպանության կազմակերպիչներից մեկի՝ Մեհմեդ Թալեաթ փաշայի անունով կոչելու մասին Թուրքիայի խորհրդարանում ներկայացված օրինագծին: «Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացում Հայաստանի Հանրապետությունը հաշվի է առնում Թուրքիայի Հանրապետության կառավարության պաշտոնական դիրքորոշումներն ու որոշումները»,- նշված է ԱԳՆ-ի արձագանքում։               
 

Մեր մամաները

Մեր մամաները
20.05.2018 | 11:14

Մեր մամաները գնում են: Ու չկա ոչ մի ուժ, որ կարողանանք նրանց պահել: Որքան էլ հիվանդ լինեն, գնում են անակնկալ` իրենց հետ տանելով երկինք այն միակ բառը, որ ուզում էինք լսել վերջին անգամ, որ ապրենք այդ բառով ու այդ բառից ուժ քամենք դիմանալու, դիմադրելու, ապրելու: Մեր մամաները սիրում են մեզ ամենից շատ` ինչպիսին կանք ու նրանց համար մենք ամենախելոքն ենք, ամենագեղեցիկը, ամենաարժանին: Իսկ հետո գալիս է որբությունը, ու դու սգալով կորուստդ ինչ-որ պահի հասկանում ես, որ սգում ես ինքդ քեզ համար, որովհետև երբ մաման չկա, քո կեսը չկա:

Վազգենից հետո Գրետա մայրիկը դարձավ ցավին դիմադրության խորհրդանիշ, նույնքան հպարտ ու արժանապատիվ, նույնքան համառ ու անկոտրում: 19 տարի հետո մենք նորից կորցրինք Վազգենին` Գրետա մայրիկը իր հետ տարավ Վազգենի ներկայությունը զգալու հնարավորությունը, Վազգենին մեր կողքին պահելու պատրանքը հիշողությունների անվերջ շղթայում, որ կտրվեց մայիսի 19-ին: Վազգենի տունը հիմա բոլորիս տունն է, որ կարիք ունենք սիրո ու հավատարմության, որ չենք հավատում հարահոսով հնչող բառերին ու ունենք մեր միակ բառը, որ գուցե մենք էլ չասենք ու մեզ հետ տանենք երկինք` հանդիպելու նրանց, որ լույս են դարձել ու սպասում են մեզ` ամեն ինչ անելով, որ ուշ հանդիպենք:

Հ.Գ. Մեր մամաները գնում են ու մնում են մեզ հետ` մենք նրանց շարունակությունն ենք երկրի վրա: Նրանք ոչ մի տեղ ու երբեք մեզ անպաշտպան չեն թողնի:

Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 3689

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ